Ալիևը վախենում է Թուրքիայի ընտրություններից հետո միայնակ մնալ, փորձում է ձեռքբերումներ ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ադրբեջանի կազմում հայկական գոյությունը նշանակում է՝ գիշատիչների հետ մնալ նույն վանդակում։ Ադրբեջանը ոտնահարում է ոչ միայն հայերի, այլև իր քաղաքացիների իրավունքները, նա չի կարող ապահովել հայերի անվտանգությունը: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի նախկին ԱԳ նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը:

Նրա խոսքով, Արցախից հնչող հայտարարությունները, թե Արցախն Ադրբեջանի կազմում նշանակում են արցախահայության բնաջնջում, ուղղված են ոչ միայն Հայաստանին, այլև ողջ հայությանը, եթե ժողովուրդը համախմբվի, հաջողություններ կգրանցենք, ինչպես եղավ Արցախյան շարժման ժամանակ: Անդրադառնալով Թուրքիայում կայանալիք ընտրություններին՝ Միրզոյանը նկատեց, որ ընտրություններով պայմանավորված՝ Թուրքիան որոշ ժամանակ արտաքին քաղաքականության մեջ իր ակտիվությունը նվազեցնելու է, իսկ դա Ադրբեջանին ձեռնտու չէ, Ալիևը միայնակ կմնա. «Ադրբեջանն իր հարաբերությունները Թուրքիայի հետ անձնավորել է՝ իր խաղադրույքը դնելով Էրդողանի վրա:

Երբ Էրդողանը հիվանդացավ, առաջինը նրա կողքը Ալիևը կանգնեց՝ հայտնելով իր աջակցությունը: Եթե ընտրություններում Քըլըչդարօղլուն հաղթի, որոշակի խնդիրներ են լինելու, բայց, ի վերջո, չմոռանանք, որ պետական հարաբերություններում այդքան կարևոր չեն անձերը, որքան՝ պետական շահերը: Անկախ նրանից՝ ով կհաղթի, Թուրքիան մտնելու է տուրբուլենտության շրջան, եթե ներկայիս իշխանությունն էլ իր աթոռը կարողանա պահել, ապա նվազեցնելու է իր արտաքին քաղաքականությունը՝ ուշադրությունը սևեռելով ներքին քաղաքական հարցերին՝ տնտեսական, ժողովրդի աղքատացման խնդիր և այլն: Այդ առումով Ադրբեջանը ոչ ցանկալի իրավիճակում կհայտնվի, Ալիևը, դրանից վախենալով, փորձում է արագ ձեռքբերումներ ունենալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ