Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

գ

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի ‹‹Հայաստան›› հրապարակում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հայտնում են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունից։

Ուրուգվայի հայկական բազմաինստիտուցիոնալ կազմակերպության նախաձեռնությամբ կայացած միջոցառման շրջանակներում ելույթներով հանդես եկան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը և Ֆրանսիայի դեսպան Ժան-Պոլ Սեյտրեն:

«Շնորհակալություն հայտնելով Ուրուգվայի կառավարությանն ու ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում առաջամարտիկ լինելու և ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ընդունելու համար՝ Մարիամ Գևորգյանն ընդգծեց, որ Ուրուգվայը բոլոր դժվարին պահերին մշտապես եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:

Ֆրանսիայի դեսպանն իր ելույթում նշեց, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած առաջին երկրներից է և օրենքով ճանաչել է այն: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը՝ դեսպանը վստահեցրեց, որ այն շարունակելու է ամրապնդվել և Ֆրանսիան այսուհետ ևս անվերապահորեն աջակցելու է Հայաստանին: Ֆրանսիայի դեսպանը նաև մեջբերեց Հայաստանի մասին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերից:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնին (ԱՀ ժամանակավոր նախարար), Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Պաբլո Միերեսը, Զբոսաշրջության նախարար Էդուարդո Սանգինետին, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Զունինոն, Առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաջյանը, մի շարք խորհրդարանականներ և քաղաքական-հասարակական գործիչներ, օտարերկրյա դեսպաններ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառման շրջանակներում Ուրուգվայում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ զետեղվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Բացի այդ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ բացվել է հուշատախտակ՝ ի պատիվ Անտոնիո Ռուբենյանի, որը հանդիսացել է ‹‹Հայաստան›› հրապարակի բացման հիմնական նախաձեռնողը և ‹‹Հայաստան›› ռադիոյի հիմնադիր տնօրենը շուրջ 58 տարի:

--00—ՍՊ