Տյումենում բացվել և օծվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

1113970

Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում, ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, հանդիսավորությամբ բացվեց և օծվեց նորակառույց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տյումենի հայ համայնքի ներկայացուցչությունից, եկեղեցու բացման և օծման արարողությանը մասնակցել են  ՌԴ Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մոուրը, նահանգային  և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս Աբրահամ Հովեյանը, Տյումենի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Տեր Եզրաս սրբազանը Սուրբ Մյուռոնով է օծել եկեղեցու 16 սյուները, մկրտության  ավազանը, սրբապատկերները և գմբեթի խաչերը, ինչպես նաև եկեղեցու բակում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված խաչքարը, որը Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանի նախաձեռնությամբ տեղափոխվել է Հայաստանից։

Միջոցառման ընթացքում եկեղեցու կառուցման մեջ ավանդ ունեցած 17 բարերարներ արժանացել են Օրհնության գրերի, իսկ ի նշան Հովեյան ընտանիքի ներդրած ավանդի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով համայնքի նախագահ, բարերար Աբրահամ Հովեյանն արժանացել է Հայ Եկեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին, որը հանձնել է Տեր Եզրաս սրբազանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ