Երևանի և Տյումենի միջև նոյեմբերի 20-ից կհաստատվի ուղիղ ավիակապ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակական

Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի «Utair» ավիաընկերությունը։

Տեղեկացնելով այս մասին նախարար Վահան Քերոբյանին՝ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը հույս է հայտնել, որ մշտական չվերթերը կնպաստեն պատմական հայրենիքի հետ Տյումենի հայ համայնքի մշակութային և հոգևոր կապերի ամրապնդմանը, կխթանեն Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնես գործընթացները և զբոսաշրջության զարգացումը։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել գործադրել Տյումենի մարզի հայերի միության և շուրջ 25 հազարանոց հայ համայնքի ներուժը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ստեղծված հնարավորությունը՝ Հայաստանի հետ մարզի տնտեսական և մշակութային համագործակցությունն աշխուժացնելու համար։

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Հովեյանին՝ Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր ուղիղ չվերթը կազմակերպելու հարցում իր ջանքերի և հետագա համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ չափազանց կարևորում է Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման հարցում։ Նա նաև հավելել է, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն՝ իր հերթին վստահեցնելով, որ նախարարությունը նույնպես կօգտագործի ընձեռված հնարավորությունը Տյումենի մարզի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

--00--ԿԿ