ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Հովհաննես Շիրազի 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆոնդը համալրվեց արխիվային բացառիկ փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրել Շիրակի պետական համալսարանը․ դրանք Լենինականի մանկավարժական ինստիտուտի 1935-1936 թթ. հրամանագրքում ուսանող Հովհաննես Շիրազի մասին հրամաններն են։
«Լենինականի մանկավարժական ինստիտուտն այս տարի տոնում է հոբելյանական 90-ամյակը։ Արխիվային փաստաթղթերի հետ աշխատելիս հանկարծ հայտնաբերեցինք, որ առաջին ուսումնական տարվա առաջին կիսամյակում երկու հրաման առնչվում է Հովհաննես Շիրազին, որոնց բովանդակությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բանաստեղծը ըմբոստ էր և հաճախ էր հայտնվում հայրենիքի շուրջ ծավալվող քննարկումների կիզակետում»,-ներկայացնելով փաստաթղթերը՝ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Ցուցանմուշների ներկայացմանը հաջորդել են Շիրազյան ընթերցումները՝ Գյումրու Մտորումների թատրոնի դերասանների կողմից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ