Որո՞նք են Արցախի նախագահի ակնարկած հաջորդ քայլերը․ խոսնակը մանրամասնել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

184673_v1.thumb_.jpg

Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական փուլը:

Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարված մեկշաբաթյա նստացույցի արդյունքներն ինչպիսի՞ն են և Նախագահի ակնարկած հաջորդ քայլերը որո՞նք են՝ ասել է Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Նախագահ Հարությունյանը մեկշաբաթյա նստացույցի ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ: Երեկ նախագահը նստացույցի շարժառիթ հանդիսացած իրավիճակի, Արցախում ստեղծված հումանիտար աղետի, հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ շուրջ երկու ժամանոց ասուլիս է ունեցել օտարերկրյա և սփյուռքյան լրատվամիջոցների հետ:

Մեկ շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումները նվիրված են եղել ստեղծված իրավիճակին համարժեք քայլերի և լուծումների հստակեցմանը: Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի, հանրահավաքի և մի շարք այլ ընթացիկ զարգացումների միջանկյալ արդյունքները, Արցախի Հանրապետության նախագահը հանդես կգա հայտարարությամբ՝ հետագա քայլերի մասին»,- ասել է Ավանեսյանը:

--00—ԶՀ