Ընդդիմության ակցիան իր նպատակին հասնում է․ քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

քաղաքական

Ընդդիմության ակցիան իր նպատակին հասնում է, եթե այն դիտարկում ենք որպես ցանցային և ապակենտրոն տեխնոլոգիաներով իրականացվող գործընթացի մի մաս։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով կիրակի օրն Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և իր կողմնակիցների նստացույցով մեկնարկած ակցիաներին։

«Որովհետև ի՞նչ է ակցիաների նպատակը՝ դառնալ լարվածության կամ բյուրեղացման մի օջախ, որի շուրջ հավաքվում են մտահոգված, պոտենցիալ ակտիվ մարդիկ, որոնք անընդհատ ինչ-որ բանով զբաղվում, անընդհատ ուզում են ակտիվ լինել։ Բայց կարծում եմ, որ այս նստացույցը չպետք է անջատ դիտարկվի, սա պետք է զուգորդվի ապակենտրոն և ցանցային գործողություններով», - նշեց փորձագետը։ 

Ըստ Հակոբյանի՝ իհարկե, ընդհանուր գործողությունների ծրագիրը չի ներկայացվել, ու դժվար էլ ներկայացվի․ «Որովհետև չեն զգուշացնելու իշխանություններին և իրավապահներին, թե ինչով զբաղվելու, որ ժամին, որտեղ»։

Հիմնվելով ընդդիմադիր տարբեր կազմակերպությունների հայտարարությունների վրա՝ Հակոբյանը կարծում է, որ մեկնարկած ակցիաներն ընդհանուր գործընթացի մի էլեմենտն են։ «Այս առումով բավականին ճիշտ է մտածված, ուղղակի պետք է իրականացվի այդ ապակենտրոնացված և ցանցային տեխնոլոգիաներով գործընթացը, որն այդքան էլ հեշտ բան չէ։ Նման գործողությունների անցնելը, նման ծրագիրը մեծ ռեսուրսներ են պահանջում ՝ կազմակերպչական, կադրային, այսինքն՝ մարդկային, ֆինանսական, ինֆորմացիոն, լրատվական և այլն։ Այս առումով կարծում եմ՝ սա պետք է  որ ընդամենը սկիզբը լինի», - եզրափակեց քաղտեխնոլոգը։

Նշենք, որ Ազատության հրապարակում Արցախի, Հայաստանի անվտանգության հարցով 2 օր առաջ հացադուլ են հայտարարել 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք կոչ են անում համալսարանականներին, երիտասարդներին միանալ ակցիաներին։ 

Բացի այդ, Ազատության հրապարակում Հովհաննես Թումանյանի արձանի մոտ նստացույց են իրականացնում «Սև հովազ» ջոկատի անդամները՝ Սերոբ Գասպարյանի գլխավորությամբ։ Նրանք նույնպես կոչ են անում հասարակությանը համախմբվել։

Երեկ նաև «5165 շարժում» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարեց կուսակցության գործունեության դադարեցման մասին և հանրությանը, այլ ուժերի կոչ արեց համախմբվել գործող իշխանություններին հեռացնելու գործում։