«Արդար Հայաստան»․ Ինչո՞ւ է տապալվել «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

photo_2023-08-30_09-43-15

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է․ «Արամի փողոցում քայլելիս, երբ տեսնում ես անբարեկարգ, խորը փոսերով շինարարական աղբավայրի վերածված մի շարք շինարարական տարածքների, առաջին զգացողությունդ այն է, որ հենց հենց Երևանի սրտում տարիներ շարունակ տիրում է քաղաքաշինական բարդակ ու անտերություն։

Ուսումնասիրման արդյունքում պարզվում է, որ դեռևս 2005թ․ ծնունդ է «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը, որով նախատեսվել է այդ հատվածում պահպանել քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը:

2013թ․ կառավարության որոշմամբ այդ հատվածում մի շարք գույքերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ, իսկ 2014թ․, երբ Հայաստանը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանն էր, իսկ քաղաքապետն էլ՝ Տարոն Մարգարյանը, 06․11․2014թ․ կառավարության կողմից ընդունվել է թիվ N 1227-Ա որոշումը, որի 3-րդ կետով հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը՝ նախատեսելով ստորգետնյա երեք և վերգետնյա առավելագույնը երեք լրիվ և մեկ մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև շահագործվող տանիք (այդ թվում՝ տարածքներ օդափոխության համակարգերի, աստիճանավանդակների, վերելակների սարքավորումների և հասարակական զուգարանների համար), ինչպես նաև նախատեսելով «Հին Երևան» համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:

Ծրագրի շինարարական աշխատանքները, ըստ էության, պետք է մեկնարկած լինեին 2015թ․ ամռանը, սակայն սկսվում են միայն 2016թ․ ամռանը, որոշ ժամանակ անց՝ դադարեցվում։

Գործող իշխանության ժամանակ վերսկսվել են շինարարական աշխատանքները, սակայն որոշ ժամանակ անց՝ կրկին դադարեցվել։

Պարզվում է, որ այդ տարածքում իրականացվող շինարարության մի մասն ապօրինի է, վերգետնյա ոչ մի հարկ կառուցելու համար թույլտվություն չի եղել, և ըստ էության, առանց շինթույլտվության ընթացել է մեծածավալ շինարարություն՝ խախտելով կառավարության որոշումը հարկայնության մասով։

Այլ կերպ ասած՝  ՀՀ կառավարության քթի տակ, քաղաքային իշխանությունների աչքի առաջ տարիներ շարունակ տեղի է ունեցել ապօրինություն՝ մի կողմից խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, մյուս կողմից՝ խաթարելով քաղաքի տեսքն ու բնական կենսագործունեությունը։

Խնդիրն ավելի ողբերգական է դառնում, որ փաստացիորեն նախկին ու ներկա իշխանությունները փաստացիորեն տապալել ու ձախողել են «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագիծը, քանի որ, ըստ ծրագրի ճարտարապետի, բուն շինարարական պրոցեսը ծրագրի համար կտևի ընդամենը երեք տարի։

Փաստորեն 17 տարի այս ծրագիրը չի իրականացվում, ու դատելով տեսքից՝ 17 տարի էլ կտևի, մինչև բեևվի վերջնական տեսքի։

Սա նշանակում է, որ գործ ունենք ձախողված ու տապալված հերթական ծրագրի հետ, ինչը հնարավորություն է տալիս արձանագրել կառավարման անարդյունավետությունն ու փնթիությունը։

Ցավալին այն է, որ այս ծրագրի իրագործման համար պատասխանատու քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ խոստացել ու չեն կատարել իրենց տված խոստումը, այսօր շարունակում են կառավարել ու հավակնել նորից կառավարելուն․․․

Լա՞վ եք, տղե՛րք․․․Ասեք, կանե՞նք, թե՞ ասեք՝ ձախողենք ու տապալենք։

Հ․Գ․ Այս անարդյունավետ կառավարման, ծրագրի ակնհայտ տապալման ու ձախողման համար որևէ մեկը պատասխան տալու՞ է, թե ինչպես միշտ՝ պլստալու են․․․

Հերի՛ք է զբաղվեք պոպուլիզմով ու դատարկախոսությամբ։

Մեր երկրում հիմք ենք դնելու հաշվետվողականությանն ու արդարության հաստատմանը։

Այլընտրանք չունենք՝ ստեղծելու ենք զարգացած ու արդար Հայաստան…»։

--00—ՅՄ