ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Ապրիլի 30-ին խորհրդարանի մոտ «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների՝ «պղպեղի սփրեյի», արցունքաբեր գազի և ուժի կիրառումից հետո մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել: Այս պահին վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ։
Վիրավորների թվում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Անի Ծիթլիձեն. նրա աչքերին «պղպեղի սփրեյ» են լցրել։ Նրան բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության բրիգադը։
«Տաբուլա» առցանց լրատվամիջոցի հրապարակած կադրերում երևում է գիտակցությունը կորցրած երիտասարդը, որին ընկերները շտապօգնության մեքենա են տեղափոխում։
«Պուբլիկա» լրատվամիջոցի թղթակիցներ Լիկա Զակաշվիլին և Բաստի Մգալոբլիշվիլին, հավանաբար, տուժել են «պղպեղի սփրեյից»։
«TV Պիրվելի»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի մոտ վնասվածք է ստացել նաև Իլիայի պետական համալսարանի դասախոս Ալիկա Կուպրավան։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի հետնամասում, քաղաքացիներին բռնի ուժով ցրելուն զուգահեռ, հատուկջոկատայինները բռնություն են գործադրել նաև լրագրողների, այդ թվում` «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի նկատմամբ: Հատուկջոկատայինները սպառնալիքներով՝ ստիպողաբար նրանց հեռացրել են խորհրդարանի հետնամասից:
Քաղաքացիների վրա հարձակման հետ մեկտեղ, հատուկջոկատայինները սկսել են նաև ձերբակալել ցուցարարներին: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։ Ըստ նրանց՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել են արցունքաբեր գազ և «պղպեղի սփրեյ», որին ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել նրանց ուղղությամբ:
Հատուկջոկատայինները նաև ջրցան մեքենա են կիրառել։ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ խորհրդարանի շենքի հարակից տարածքում հանրահավաքի մասնակիցների բողոքը դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված շրջանակներից և «բռնի բնույթ է ստացել»։
Տասից ավելի ցուցարար է բերման ենթարկվել:
Աղբյուրը՝ Aliq.ge