Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Screenshot_4

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։

Հարց․ Երևանն այս փուլում վերանայու՞մ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին: Արդյո՞ք Հայաստանի օրակարգում է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը:

Պատասխան․ Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա։

Հարց․ Հետևաբար, արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ:

Պատասխան․ Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ: Դրանց մեջ կան հարցեր որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան: Զուգահեռ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկանքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է։

--00—ՅՄ