Նորիկյանը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին․ «Կարմիր կարող է ցույց տալ ժողովուրդը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

«Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ Նորայր Նորիկյանը ելույթ ունենալիս հայտարարեց, որ կուսակցության հիմնման օրը պատահական չէ ընտրված. 1988 թավականի փետրվարի 20-ին ազգային միասնությունը հայ ժողովրդի վերածննդի առիթ դարձավ:

Նորայր Նորիկյանը նաև պարզաբանել է, թե ինչու են որոշել կուսակցություն հիմնել, և թե ինչ նպատակի է ծառայելու քաղաքական ուժը:

«Միասին այսօր հիմնադրում ենք «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ փորձելով նոր շունչ հաղորդել քաղաքական համակարգին, հավակնելով ժամանակի ընթացքում առանցքային ազդեցություն ձեռք բերել քաղաքական որոշումների կայացման վրա և փորձելով ներազդել քաղաքական օրակարգի ձևավորմանը, իսկ վերջնահաշվում՝ հասարակության վերջնական վստահության արդյունքում, ստանձնել Հայաստանի հաջորդ իշխանությունը»,-ասել է նա:

Նորայր Նորիկյանը նաև ընդգծել է, որ, ճիշտ է, Հայաստանում «կուսակցություն» հասկացությունը հեղինակազրկվել է, բայց խնդրել է՝ հանրությունը ըմբռնումով մոտենալ կուսակցություն հիմնելու իրենց որոշմանը, քանի որ քաղաքական իրադարձությունների վրա ներազդելու և իշխանություն ձևավորելու այլ միջոց գոյություն չունի:

Նորիկյանը նաև անդրադարձել է այն իրողությանը, որ 1988 թվականից հետո քաղաքական վերնախավը Հայաստանում չի փոխվում, նախկին առաջնորդների սինդրոմը հետապնդում է հանրությանը. նույն դեմքերն են, նույն խոսքերը, նույն մտահոգությունները, նույն տագնապալից կանխատեսումները:

«Անուրանալի ձեռքբերումների հետ մեկտեղ  քաղաքական այդ ընտրախավը կորցրեց բարեկեցիկ պետություն կառուցելու՝ մեզ տրված հնարավորությունը՝ սերունդների ուսերին թողնելով ահռելի բեռ: Այդ մարդկանցից շատերը, որոնք այսօր հավակնում են իշխանության, չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց գոյությունը քաղաքական դաշտում արգելակում է նոր քաղաքական ընտրախավի կայացմանն ու Հայաստանի բնականոն զարգացմանը: Այսպիսի էգոիստ քաղաքական ընտրախավ հնարավոր չէ պատկերացնել: Մինչև վերջին շունչը փորձում են մնալ ջրի երեսին. սա անհարգալից վարգագիծ է այսօրվա և վաղվա սերունդների հանդեպ»,-ասել է Նորայր Նորիկյանը:

Ելույթի շարունակությունը՝ տեսանյութում:

--00—ԼՄ