Պենտագոնի ղեկավարը կոչ է արել մեծացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումներն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1104183.jpg

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ ներկայում Արևմուտքի կենսականորեն կարևոր խնդիրը Կիևին հակաօդային պաշտպանության միջոցներով ապահովելն է։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Մենք գիտենք, որ Ռուսաստանի սպառազինությունն զգալի թվով ինքնաթիռներ և մեծ ներուժ ունի, - ասել է նա լրագրողներին: - Այդ իսկ պատճառով մենք ընդգծել ենք, որ անհրաժեշտ է ամեն բան անել՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության հնարավորինս մեծ կարողություններով ապահովելու համար»:

Օսթինը հավելել է, որ առայժմ Ուկրաինային մատակարարվող հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն, և ԱՄՆ-ը պնդելու է, որպեսզի դրանք ավելացվեն։ Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Օսթինն ակնկալում է, որ գարնանն ուկրաինական ուժերը հարձակողական գործողությունների են դիմելու, և Կիևի դաշնակիցներն աշխատում են՝ ապահովելու, որ ուկրաինական ուժերն ունենան դա արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ սպառազինությունը և լոգիստիկան:

Երեքշաբթի օրը Իտալիան և Ֆրանսիան պարտավորվել են Ուկրաինային տրամադրել SAMP-T զենիթային համակարգեր։ ԱՄՆ-ն, ի հավելումն Patriot զենիթահրթիռային համակարգերի, արդեն խոստացել է «երկիր-օդ» դասի NASAMS կատարելագործված հրթիռային համակարգեր, հիշեցնում են լրատվամիջոցները։

--00—ԶՀ