ԱՄՆ-ն բանակցային գործընթացից դուրս է, նրա աջակցությունն անցողիկ է, ուղղություն տվողը Պուտինն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News   

Ագ

 

Փելոսիի այցելությունը շատ խորիմաստ մի երևույթ էր, քանի որ կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանը հիասթափված էր Ռուսաստանի դաշնակցային պահանջներից։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցելությանը։

Սեպտեմբերի 17-ին Հայաստան էր ժամանել Փելոսիի ղեկավարած պատվիրակությունը, որի թվում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և առեւտրային հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոնեն, ՆՊ-ի հայկական արմատներով անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Ազգային ժողովում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանին հասցեական մեղադրել էին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու մեջ։

«Ակոս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ոչ հասցեական հայտարարությունները որպես կարեւոր բացթողում էին նկատվել ԱՄՆ-ի կողմից, Փելոսին իսկույն այցելեց Հայաստան։ «Որքանո՞վ այդ այցելությունը կնպաստի, բնավ վստահ չեմ։ Փելոսիի խոսքերը կարող են մեզ համար հաճելի թվալ, բայց գործնականում ինչի՞ պիտի ծառայեն, երբեք հստակ չէ, այլ ավելի կասկածելի։ Հիշենք, որ նախկինում Նենսի Փելոսին այցելել էր Թայվան, որտեղ լուրջ խնդիրների պատճառ էր դարձել, հետեւաբար՝ այս այցելությունը որքանո՞վ էր մեզ համար նպաստավոր, հարցական է», - նշեց Էստուկյանը

Խմբագրի խոսքերով՝ ԱՄՆ-ն ուղղակի օգտագործեց Ռուսաստանի Դաշնության ու ՀԱՊԿ-ի նկատմամբ դժգոհությունը։ 

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ասուլիսին Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատման համար։

Ըստ Էստուկյանի՝ ով որ Ադրբեջանին որպես հարձակվող կողմի մեղադրեց, դա էլ նպաստեց հրադադարի հաստատմանը. «Միջազգային հանրությունը չէր հարձակվող կողմին նշողը։ Հիշում եք, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին բազմաթիվ երկրների կողմերին զսպվածության կոչ էին անում, մտահոգություն հայտնում։ Ի՞նչ է նշանակում այդ մտահոգությունը։ Ինչ մտահոգություն, երբ որ ակնհայտորեն կա հարձակվող և ինքնապաշտպանության դիմող, ինչպե՞ս կարելի է կողմերին հավասարապես ասել, թե «հեռո՛ւ մնացեք բախումներից»։ Հարձակվողին պետք է սաստել, և Նենսի Փելոսին իր ելույթներով այդ էր, որ արեց։ Այդ էր, որ մեզ որոշ սփոփանք պատճառեց, բայց սա միայն խոսք է։ Ադրբեջանական ռազմական օգնության ծրագրի մեջ ի՞նչ փոփոխություն պետք է լինի, ոչ ոք բան չասաց, մեծ հեռանկարը մնում է մեծ հեռանկար»։

ԱՄՆ-ի այս աջակցությունը Հայաստանին, ըստ պոլսահայ լրագրողի, մի պահ էր և անցողիկ, քանի որ ամերիկյան կողմը դուրս է մնացել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններից։ 

«Ինչպե՞ս պիտի աջակցի, ակնհայտորեն գործընթացից դուրս է, Մինսկի խումբը գոյություն չունի գործնականապես։ Հոգ չէ, թե կողմերը նոր բանագնացներ են նշանակել, այդ խումբը գոյություն չունի։ Բանակցությունները տնօրինողը, ձեւավորողը, ուղղություն տվողը Պուտինն է, հետեւաբար՝ լուծումներն էլ ստիպված են նրա հետ բանակցություններում տանել», - եզրափակեց «Ակոս»-ի խմբագիրը։

 

 Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ