Թուրքիայի հայ համայնքը կքվեարկի ընդդիմության օգտին․ Բագրատ Էստուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Բ

Հայկական համայնքը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ավելի շատ հակված է քվեարկել ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, ընդդիմության հիմնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Առհասարակ, Թուրքիայի ժողովուրդը՝ ներառյալ հայերը, գոհ չեն իշխանության որոշումներից, ապաժողովրդավարական կեցվածքից։ Դրա համար հայությունն էլ մեծամասամբ ընդդիմադիր շարքերին պետք է որ աջակցի, ի նպաստ իրենց քվեարկի»,- հավելեց Բագրատ Էստուկյանը։

Հարցին՝ ընդդիմադիր թեկնածուի նախագահ դառնալու դեպքում արդյոք ավելի լա՞վ կպաշտպանվեն ազգային փոքրամասնությունների, նաև հայերի իրավունքները, Էստուկյանը պատասխանեց․ «Երկրում ժողովրդավարությունը մի քիչ կարող է զարգանալ, բայց հատուկ փոքրամասնությունների համար այդպիսի ակնկալիք չկա»։ «Ընդհանուր առմամբ, երկրի քաղաքական դիմագիծը մի քիչ ավելի ժողովրդավարությունը կթեքվի»,- հավելեց «Ակոսի» խմբագիրը։

Ինչ վերաբերում է թուրք ազգայնական ընտրողների քվեարկությանը, ապա «Ակոսի» խմբագիրն ասաց, որ երկու գլխավոր մրցակից դաշինքներում թե՛ ազգայնականներ էլ, կրոնականներ էլ կան․ «Ազգայնականների մեկ մասը հակված է քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին, մեկ մասը՝ ոչ։ Որովհետև 2 դաշինքի մեջ էլ ազգայնականներ կան` թե՛ իշխամամետ, թե՛ ընդդիմադիր»։

Հարցին՝ Քըլըչդարօղլուի՝ իշխանության գալու դեպքում կփոխվի՞ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հադնեպ, ավելի մե՞ղմ կլինի, Էստուկյանը պատասխանեց․ «Հիմնականում մեծ փոփոխություններ չեն ակնկալվում»։ «Բայց, կարծես թե, Քըլըչդարօղլուն հարևան երկրների հետ պետք է որ ուզի ավելի լավ հարաբերություններ մշակել։ Բայց, անշուշտ, Ադրբեջանի հետ նրանց հարաբերությունները չեն դադարի, նրանք էլ նույն հանգերգը պետք է կրկնեն՝ «Եղբայր պետություն» և այլն»,- պարզաբանեց պոլսահայ գործիչը։

«Չեմ կարծում մեծ փոփոխություններ լինեն արտաքին քաղաքականության մեջ, շատ մեծ շեղումներ չեն լինի։ Նրանք էլ այսօրվա իշխանության վարած ռազմավարություն են որդեգրում»,- եզրափակեց հայազգի գործիչը։

Նշենք, որ  Թուրքիայում նախատեսվում է նախագահական ընտրություններն անցկացնել 2023 թվականի մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներն են՝ Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախագահ, Ժողովրդական դաշինքի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, Ազգային դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ