Եթե Թուրքիան կրկին նախապայման առաջադրեց ՀՀ-ին, պարտադրանքով մերձեցում չի լինի. Էստուկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում ավելի շատ աշխուժություն պետք է ակնկալվի Թուրքիայից, որովհետեւ Թուրքիան անցյալում մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական որևէ հարաբերություն ունենալ։ 

Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Կ.Պոլսում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։

Բանակցություններում Անկարայից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Երևանից՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Գիտեմ, որ Հայաստանի բանագնացն Ազգային ժողովի նախագահի տեղակալն է, իսկ Թուրքիո բանագնացն էլ Վաշինգտոնի մեջ դեսպան է եղել։ Բայց Վաշինգտոնում նրա իրականացրած գործողությունները բնականաբար հակահայ բովանդակություն ունեին։ Սա միակ դեպքը չէ։ Վաշինգտոնում ով որ Թուրքիան ներկայացնում է, շատ բնական է, որ հայկական լոբբիի ազդեցության դեմ ստիպված պետք է լինի հակահայ ելույթներ ունենալ։ Հետևաբար այդպես եմ նկարագրում ես։ Չգիտեմ, թե որքան հակահայ կեցվածք որդեգրած անձնավորություն է, այս մասին ուղղակի կարծիք չունեմ, որովհետեւ ինձ ուղղակի ծանոթ անձնավորություն չէ, որևէ ձևով իր մասին չեմ լսել», - ասաց «Ակոսի» խմբագիրը՝ անդրադառնալով երկրների ներկայացուցիչներին։

Ըստ Բագրատ Էստուկյանի՝ այստեղ ավելի կարևոր են բանագնացների կողքին նաև պետությունների ակնկալիքները, պետությունների սպասումները։ «Որովհետև երկու երկրների միջև մինչև այսօր բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։ Եվ հիմա իրենց կողմից պիտի սպասվի, որ այդ դիվանագիտական հարաբերությունները գոյացնելու հողը նախապատրաստեն։ Բայց այստեղ բնականաբար ավելի շատ աշխուժություն պետք է ակնկալվի Թուրքիայից, որովհետեւ Թուրքիան անցյալում մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական որևէ հարաբերություն ունենալ։ Հիմա տարբեր մերձեցումի մեջ ենք, իրավունք ունենք Թուրքիայից ավելի ստույգ քայլեր տեսնելու։ Թե ինչե՞ր կարող են լինել այդ քայլերը, նախևառաջ հրաժարվել որևէ նախապայման առաջադրելուց, որովհետև նախապայմանը որպես պարտադրանք պետք է ընդունել։ Եվ պարտադրանքով կարելի չէ առաջընթաց արձանագրել։ Մի բան կատարելու, մի բան իրականացնելու համար նախապայման առաջադրելը լավ ճանապարհ չէ։ Ընդհակառակը, ամեն բան անկատար թողնելու ճանապարհ է։ Անցյալում մենք այս փորձը բազում անգամներ տեսանք, բազում անգամներ Թուրքիան խնդրին այսպես մոտեցավ», - ընդգծեց պոլսահայ լրագրողը։

«Ուրեմն հիմա եթե ընթացքը տարբեր պետք է լինի, եթե ուզում են ավելի տարբեր մերձեցում արձանագրվի, իսկապես արդյունք տվող մերձեցում լինի, պետք է հրաժարվեն նախապայման պարտադրելուց։ Ինչպես նշեցի, «նախապայման» բառը պարտադրանք է որովհետև։ Եվ որևէ պետություն չի կարող պարտադրանքով ճամփա հարթել», - շեշտեց նա։

Հարցին՝ Հայաստանն, այս իշխանությունները ի վիճակի՞ են Թուրքիայի հետ բանակցություններ վարել ու պետական շահն առաջ տանել, Բագրատ Էստուկյանը պատասխանեց, որ պատերազմում պարտված լինելը որևէ խոչընդոտ չի ներկայացնում. «Որովհետև պատերազմը եղավ, ավարտին հասավ, և Հայաստանը պարտվեց։ Սա իրողություն է։ Այս իրողությունից հետո Հայաստանը այս էլ պահանջելու իրավունք ունի, այն էլ պահանջելու իրավունք ունի։ Հարկավ որ, Հայաստանը՝ որպես անկախ պետություն ՄԱԿ-ի կողմից ճանաչված, իր նախասիրությունները, իր պահանջները միշտ պիտի ունենա, ստիպված չէ որևէ պարտադրանքի հոժար տալ»։

Ըստ նրա՝ Հայաստանը կարող է որեւէ պարտադրանքի համաձայնություն չտալ։ «Անշուշտ կարող է չտալ։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը «Ոչ» ասելու իրավունքից զրկվա՞ծ է»։ 

Էստուկյանի խոսքերով՝ Հայաստանն ունի անհրաժեշտ դիվանագիտական ռեսուրսները։ «Ամենակարևորն այսօր Հայաստանի մեջ գործում է մի կառավարություն, որը տակավին ժողովրդի հոժարությունը ստացել է։ Սա շատ մեծ առիթ է», - եզրափակեց «Ակոսի» խմբագիրը։