Շարլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

սդ

Եվրոպական խորհդրի նախագահ Շարլ Միշելն այսօր Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Ինչպես պայմանավորվել էինք մայիսին կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ, այսօր ընդունել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա մեր չորրորդ քննարկումն էր նման ձևաչափով։ Մեր քննարկումներն ուղղված էին Հարավային Կովկասի վերջին զարգացումներին, ԵՄ-ի և երկու երկրների հարաբերություններին: Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, և ես դրա համար կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին։ Մենք դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Ուրախալի է տեսնել, որ մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ մղելու համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել»,-ասել է Միշելը։

Շարլ Միշելը նշել է նաև, որ պայմանավորվել են ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի խթանման ուղղությամբ․ «Հանձնարարեցինք երկրու երկրների արտգործնախարարներին մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ մշակելու տեքստերի նախագծեր»։

«Մանրամասն քննարկել ենք նաև հումանիտար հարցեր, այդ թվում՝ ականազերծման, բանտարկյալների և անհայտ կորածների ճակատագրի մասին։ Նախագահ Միշելն ընդգծել է հայ գերիների հետագա ազատ արձակման կարևորությունը Ադրբեջանի համար։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով։ Վերանայել ենք առաջընթացը սահմանների սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի և կայուն իրավիճակ ապահովելու լավագույն միջոցների վերաբերյալ:

Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում։

Ծանոթացանք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկմանը։ Այս բոլոր քննարկումներում ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության համար: Այս հարցում վճռորոշ է հրապարակային հայտարարությունների փոխանակումը. նման նուրբ իրավիճակում հրապարակային ասված յուրաքանչյուր խոսք ակնհայտորեն լսվում և կշռադատվում է մյուս կողմից։ ԵՄ-ն պատրաստ է էլ ավելի ամրապնդել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության համար: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել ավելի արագ տնտեսական զարգացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների: Պայմանավորվեցինք այս ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ»,-ասվում է հայտարարության մեջ։

--00—ԻԴ