ԵՄ-ն պատրաստ է օժանդակել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին առկա խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:

Զրուցակիցները առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

--00--ԿԿ