Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում քննարկել են ԵՄ-ի հետ պայմանագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համաձայնագի «Ճանապարհային քարտեզի» շրջանակում ակտիվ փոխգործակցությունը, ինչը կնպաստի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, ինչպես նաև հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:

Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:

--00--ԿԿ