Զերծ մնացեք դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ ճնշումներին աջակցելուց. փաստաբանը՝ ԲԴԽ անդամներին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News

download.jpg

Մի բարի խորհուրդ ԲԴԽ անդամներին՝ զերծ մնացեք դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց, եթե իսկապես կարևորում եք անկախ դատական համակարգի ստեղծումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Մի բարի խորհուրդ ԲԴԽ անդամներին՝ զերծ մնացեք դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց, եթե իսկապես կարևորում եք անկախ դատական համակարգի ստեղծումը։

Դատավոր Գրիգորյանն այն բացառիկ դատավորներից է, ով շատ գրագետ լինելուց բացի, նաև երկար տարիներ միայն փաստաբանական գործունեությամբ է զբաղվել և գրեթե անթերի կերպով ապահովում է մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքների իրագործումը քրեական արդարադատության գործընթացում, ինչն, անկեղծ ասած, ինձ մոտ նույնպես երբեմն բնական նյարդայնություն էր առաջացնում, երբ մեղադրանքի կողմում էի՝ դատախազի պաշտոն էի զբաղեցնում…։

Ցավոք, վերջին ժամանակահատվածում, այդ ապօրինի ճնշումների արդյունքում դատավոր Գրիգորյանը կարծես իրեն նման չլինի, ամեն դեպքում՝ ավելորդ լարվածությունը տեսանելի է։ Հիշեք, որ յուրաքանչյուր իրավական պետության դատական համակարգի ողնաշարը հենց այսպիսի պրոֆեսիոնալ դատավորները պետք է կազմեն»,- գրել է Ասլանյանը։

--00--ԶՀ