Ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ ԲԴԽ-ն և անձամբ ես ապաքաղաքական ենք․Վարդազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ռուբեն.վարդազարյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող՝ իր հրաժարականի մասին լուրերին։

«Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին:

Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք:

Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում:

Հ.Գ. Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ և գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:

Հ.Հ.Գ. Իսկ ինչ կստացվի այս ամենից՝ կապրենք-կտեսնենք»։

--0-- ՍՊ