Մակունցը Կոլորադոյի համալսարանին է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

մակ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ապրիլի 26-ին և 27-ին աշխատանքային այցով գտնվել է Կոլորադո նահանգում՝ Դենվեր, Ավրորա և Բոլդեր քաղաքներում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Ապրիլի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է Դենվերի տնտեսական զարգացման և հնարավորությունների գործակալության համաշխարհային բիզնեսի զարգացման տնօրեն Ստեֆանի Գարնիքայի, Դենվերի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Քերըն Գարվիցի, քաղաքապետարանի ներկայացուցիչների և այլ փորձագետների հետ։ Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Բազմաթիվ հայեր իրենց ներդրումն ունեն քաղաքի զարգացման և ապագային միտված ծրագրերին․ այն Կոլորադոյի ամենահայաշատ քաղաքն է։ Քաղաքապետն իր գնահատանքն է հայտնել հայկական համայնքի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Դեսպանն առանձին հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների կին առաջնորդների հետ, այցելել Կոլորադոյի համալսարան (Դենվեր), հանդիպել ծրագրերի համակարգման ղեկավար Անդրեյ Միխաիլչենկոյի հետ, ոչ ընդարձակ հանդիպում է ունեցել հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ Բոլդերի ուսանողական քաղաքում։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, երկուստեք ընդգծվել է հայ համայնքի դերը և նշանակությունը ինչպես Կոլորադո նահանգի, այնպես էլ Հայաստանի զարգացման համար։ Կոլորադոյի համալսարանում (Դենվեր) հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը փոխանցել է ԵՊՀ ռեկտորի անունից համագործակցության նամակ-առաջարկը, քննարկվել են ԵՊՀ և Կոլորադոյի համալսարանի միջև համագործակցության ուղղություններն ու կրթական հատուկ ծրագրեր կազմելու հնարավորությունները։

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել դեսպան Մակունցի հանդիպումը Կոլորադոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Մակունցը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին և Սփյուռք-ՀՀ համագործակցության կարևորությանը։

--00—ԼՀ