Ավտոտնակից գողացել է «Տոյոտա Պրադո» ավտոմեքենա, տնից՝ մոտ100 կգ մեղր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

․

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում մոտ մեկ ամիս առաջ էր ստացվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի տներից մեկին կից ավտոտնակից գողացել էին «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, մեղրով 20 լիտրանոց չորս ալյումինե տարա և որսորդական երկփողանի հրացաններ: Տանտերերն արտասահմանում էին: Առանձնատանը հետևող հարազատներն էին պարզել եղելությունն ու փետրվարի 22-ին ոստիկանություն դիմել:

Գողության փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի հետևողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արմավիր քաղաքի Ավետիսյան փողոցի 44-ամյա մի բնակիչ:

Մարտի 16-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Ավելի ուշ 44-ամյա տղամարդը ներկայացվեց նախաքննական մարմնին: Հանցավոր արարքը հիմնավորելու հարցում առանցքային նշանակություն ունեցան փորձագիտական ուսումնասիրությունները. մատնահետքերը նույնական էին ավտոտնակից վերցված մատնահետքերի հետ: Դատարանի որոշմամբ նրա տանը և կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարվեց: Նկուղից հայտնաբերվեց ծաղկամանում աճեցված կանեփի 2 բույս, 3 լիտրանոց ապակյա տարայով մոտ 180 գրամ կանաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված, 10 լիտր տարողությամբ մեղրով ապակյա տարա, 2 ալյումինե տարա, որոնցից մեկի մեջ մեղր էր եղել, իսկ տան հետնամասում հայտնաբերվեց պարկ՝ կանեփի նմանվող զանգվածով:

Խուզարկություն կատարվեց նաև կասկածյալի զոքանչի բնակարանում, որտեղ հայտնաբերվեցին մեղրով ալյումինե և ապակյա տարաներ: Պարզվեց, որ մեղրը տանտիրուհուն փեսան էր բերել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան ու հրացանները հայտնաբերելու ուղղությամբ:

44-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00--ԱՀ