Քաղաքական նշաձողը շատ է իջել. անհրաժեշտ է մտածել նոր խոսել․ Արթուր Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Thumbnail

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվող ոտնձգությունները և դրանց նկատմամբ ոչ ադեկվատ, իրարամերժ, հախուռն, կցկտուր և անհավասարակշիռ արձագանքը մի կողմից էլ  ավելի է խորացնում  մեր սահմաններին ստեղծված բարդագույն իրավիճակը, մյուս կողմից վկայում է առկա և աճող լրջագույն մարտահրավերների նկատմամբ պետական ինստիտուտների կողմից համակարգված քաղաքականության բացակայության, առկա առանցքային վտանգներին մակերեսային մոտեցում ցուցաբերելու իրարամերժ, աններելի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անկանխատեսելի վարքագծի մասին։  

Ոչ պակաս վտանգավոր հրապարակային վարքագիծ և  հռետորական անհեռատես դիրքորոշում են դրսևորում նաև քաղաքական դաշտում հայտնված  վարչապետների թեկնածուների շքերթի մեկնարկ տված որոշ պսևդոքաղաքական ուժեր ևս, որոնք երբեք ոչ եղել են և ոչ էլ հասկանում են ռեալպոլիտիկի բովանդակությունը։ Եվ ցավոք, այս անհեռանկար և  անպատասխանատու լեզվային սայթաքումներով  էլ ավելի են բարդացնում իրավիճակը և շատ հաճախ առանց հասկանալու թշնամուն ի ցույց  են դնում թե՜ իրենց և թե՜ որոշում կայացնողների անադեկվատությունը, անկարողությունն ու անզորությունը։        

Իսկապես քաղաքական նշաձողը շատ է իջել։ Հասկանալի է ընտրություններ են, քվե է անհրաժեշտ։ Բայց առաջնային անհրաժեշտը մտածել նոր խոսելն է, ոչ թե խոսելուց հետո մտածելը, առավել ևս, որ անպատասխանատու և անհավասարակշիռ խոսքը   կամ ռուսերեն ասած  (словесный понос)-ը էլ ավելի է խճճում առանց այն էլ ոչ դյուրին իրավիճակը»։

--00--ԱՀ