Բարձր ու արդյունավետ եմ գնահատում ձեզ հետ համագործակցությունը․ Անահիտ Ավանեսյանը՝ ԵՄ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

362682960_592487139739827_7994670604239442915_n

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին այսօր ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում համընկավ ծանր շրջանի հետ` քովիդ, պատերազմ, անվտանգային մարտահրավերներ: Յուրաքանչյուր իրավիճակում բարձր ու արդյունավետ եմ գնահատում Ձեզ հետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված առողջապահական բարդ իրավիճակի, պացիենտներին Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու դժվարությունների մասին:

«Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է, միշտ էլ նոր մարտահրավերներ են առաջ գալու, ուստի պետք է բոլոր դժվարություններին զուգահեռ սկսել ու ավարտին հասցնել անելիքները»,- ոլորտի առաջնահերթություններն ու գլխավոր ծրագրերը ներկայացնելուց հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հրաժեշտի հանդիպմանը երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ Հայաստանից մեկնելուց հետո ևս փոխգործակցությունը շարունակվելու է:

--00—ՅՄ