Շրջափակման մեջ մնացած Շուշիի 6 գյուղերը Գորիսից ստանում են անհրաժեշտ ամեն ինչ. վարչակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Շուշիում շրջանի գյուղերում ամեն ինչ կարգին է, ուղղակի դժվարությունն այն է, որ դեպի Ստեփանակերտ ճանապարհը փակ է։ Այս մասին 24News-ին ասաց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը, որը Լաչինի միջանցքի փակման պատճառով չի կարողանում Արցախի Հանրապետության մայրաքաղաքից գնալ շրջան:

Շուշիի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն ասաց, որ շրջանի 6 համայնքապետները Գորիսի միջոցով ամեն ինչ հոգում են. կապը կա, հեռախոսով կապվում, հարցերն արագ լուծվում են։

«Ճանապարհը փակ է, գնալ-գալ չկա։ Տրանսպորտային ոչ մի միջոց չի անցնում։ Շուշիի բոլոր 6 գյուղերն առևտուր անում են Գորիսից, Տեղ գյուղից։ Հաց, ալյուր, բոլոր անհրաժեշտով ապահովում ենք։ Երեկ 3 անգամ կապվել ենք, կազմակերպում  ենք, մեքենաները կան, ամեն ինչ բերում են։ Իրենք 1000 անգամ ավելի լավ են, քան մենք», - մանրամասնեց Շուշիի շրջանի ղեկավարը։

Գրիշա Հովհաննիսյանն ասաց, որ դեռ նորություն չկա՝ երբ կբացվի Լաչինի միջանցքը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի հիմնական հատվածից կտրվել են Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո գտնվող Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերը։ 

Մայրուղու արգելափակման հետեւանքով արցախյան բնակչությունը հումանիտար լուրջ խնդիրների առջեւ է կանգնած։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ