Փա՛ռք ընկածներին, կյա՛նք ապրողաց ու հաղթանակ բոլորիս. Նոր տարի՝ նոր հույսեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 1, 24News

հասարակական

2020թ-ը դարձավ մեր երեսունամյա պետականության ամենածանր, ողբերգական ու կորուստներով լի տարին։ Ընդամենը 44 օրվա ընթացքում կորցրինք Արցախի գերակշիռ հատվածը, պատերազմում զոհվեցին մեզնից լավագույնները, հազարավորները դարձան հաշմանդամ, ու իրենց կյանքի ողջ ընթացքում ֆիզիկապես ու հոգեպես զգալու են անցած պատերազմի հետևանքները։

Ծանր էր տարին նաև աշխարհը ցնցած կորոնավիրուսային համավարակի պատճառով, որը ոչ միայն խլեց հազարավոր մեր հայրենակիցների կյանքը, այլև էականորեն փոխեց շփման մեր կենցաղվարությունը։

Դրա հետ մեկտեղ ոչ միայն քաղաքական դաշտը, այլև մեր հասարակությունը երբեք այդպես պառակտված ու միմյանց ատող չի եղել, քան հիմա։ Այս հանգամանքն էլ ավելի է խորացնում ոչ միայն կորցրածը հետ բերելու, այլև եղածը պահելու անհանգստությունը։ Վիրավոր, իրար ատող հասարակությունն ի զորու չէ անգամ մտածել Հայրենիքի կորուստի վերականգման մասին, ավելին, շատերը համակերպվել են Հայրենիքի կորստի հետ։

Մեզնից շատերը Նոր տարի չեն նշում, շատերը նշում են՝ 2021-ը դիմավորելով Եռաբլուրում՝ տղերքի հետ։ Առանձնապես հուսադրող չեն նաև նոր տարվա մասին վերլուծությունները՝ քաղաքական ճգնաժամ ու ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ 

Այս իրականությունները, սակայն, որքան էլ ծանր են, պետք է դառնան համախմբվելու, վատը հաղթահարելու, մեջքներս ուղղելու խթան։ Մեր տունը միայն մենք կարող ենք շենացնել՝ քրտնաջան աշխատելով ու համախմբված։ Թող որ 2021-ը լինի մեր կորսված հպարտության վերականգնման, մեր մեջքը շտկելու ու կորցրածը հետ բերելու տարի։ 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 

24News-ի խմբագրակազմ

--0--ԿԿ