Անկած ուղտը տուբերկուլոզ է ունեցել, այն անցնում է նաև մարդուն․ Կենդանաբանական այգին փակ  է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

ուղտ

Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար, և այգին փակվել  է պրոֆիլակտիկ աշխատանքների համար, սակայն այս խնդիրը ես հնչեցրել եմ 1,5 տարի առաջ, այգում գործում է ստացիոնար տոբերկուլոզի օջախ, այգում չեն կատարվել աշխատանքներ այգու այցելուներին և կենդանիներին պաշտպանելու համար։ 1,5 տարի առաջ երկսմբականի կենդանիներ վարակվեցին տուբերկուլոզով, որոշները քնեցվեցին։ Ես շեշտել էի, որ պետք է մոնիտորինգ անցկացվի թռչունների շրջանում, քանի որ չի բացառվում, որ այդ կենդանիները վարակված էին թռչունների տիպով։

Այսօր ունենք արդեն ուղտի անկում, ընդ որում երկրորդ ուղտը, որ պահվել է նույն ազատավանդակում չի քնեցվել, ինչը պարտադիր է։ Այդ վանդակում նաև մեկսմբականի  կենդանի է պահվել, նրանք պոտենցիալ ռիսկ են պարունակում»,-նշեց Գրիգորյանը, ապա նշեց, որ 6 օր հանցավոր անգործություն է ցուցաբերվել։

«Տոբերկուլոզը հայտնաբերվել է 30-ին, հաստատվել է 31-ին, սակայն 6 օր մեր քաղաքացիները այցելել են իրենց երեխաների հետ այգի, իսկ ցանկացած հազի ժամանակ մոտ 12-17 միլիոն բակտերիա ուղտերը և խոշոր եղջերավորները 3-5 մետր հեռավորության վրա դուրս են արտանետում, որը մարդկանց վարակման աղբյուր կարող է լինել։ Ուղտերի մոտ հայտնաբերվել է «մարդու տուբերկուլոզ» տեսակը, որով ոչ միայն մարդն է կենդանուց վարակվում, այլև կենդանին՝ մարդուց։ 6 օր ցուցաբերվել է հանցավոր անգործություն, մարդկանց ենթարկելով տուբերկուլոզի վարակման ռիսկի»,-ասել է Գրիգոր Գրիգորյանը և վերջին օրերին կենդանաբանական այգի այցելած քաղաքացիներին խորհուրդ տվել դիմել բժշկի՝ տուբերկուլոզի թեստ անցնելու։