ԱԳՆ-ն Չինաստանից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ճշտել թռիչքի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

չինաստան

Հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը՝ մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը։

«Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Միաժամանակ մերժվել է մի շարք այլ երկրների քաղաքացիների գրանցումը տվյալ չվերթին: Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները։

Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին»,-նշվում է գրառման մեջ։