ԶԼՄ-ների ազատության ապահովումը ԵԽ անդամ պետությունների հանձնառությունն է․ Արուսյակ Ջուլհակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ար.

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նստաշրջանում: Հայ խորհրդարանականն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Դառնալով Եվրոպայի խորհրդի մաս՝ անդամ երկրները պարտավորվել են հետեւել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին: Այս սկզբունքների հիմնարար ասպեկտներից մեկը խոսքի ազատության պաշտպանությունն ու խթանումն է՝ որպես ժողովրդավարության հիմնաքար: Դա ոչ միայն արտոնություն է, այլ իրավունք, որը ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որն արտացոլում է ազատ եւ բաց հասարակության հանդեպ մեր համատեղ հանձնառությունը:

Մեր դարաշրջանում տեղեկատվությունը հզոր ուժ է, ուստի պետք է գիտակցենք լրագրողների կարեւոր դերը մեր հասարակությունների հիմքերը պահպանելու գործում: Նրանց աշխատանքը, ի թիվս այլնի, պետք է նաեւ զսպող օղակ լինի իշխանության համար, հարթակ դառնա արտահայտվելու հնարավորություն չունեցողների համար:

Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները, ընդունեն եւ կիրառեն օրենքներ, որոնք պաշտպանում են լրագրողներին, հետաքննում եւ պատասխանատվության են ենթարկում նրանց, ովքեր սպառնում կամ վնասում են նրանց, ու ստեղծեն մթնոլորտ, որը խրախուսում է աշխույժ եւ բազմազան մեդիա դաշտը: Ազատ մամուլն էական նշանակություն ունի ծաղկող ժողովրդավարության համար եւ դրա պաշտպանությունը մեզանից յուրաքանչյուրի պարտավորությունն է:

Այս տեսանկյունից ձեռնարկվելիք վճռորոշ քայլերից մեկը բոլոր անդամ երկրների կողմից վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումն է: 21-րդ դարում զրպարտությունը որպես քրեական հանցագործություն որակելը տարօրինակ է: Այս համատեքստում կարեւոր են ոչ միայն լավ օրենքներն ու կանոնակարգերը, այլեւ դատական պրակտիկան: Թույլ տվեք ներկայացնել Հայաստանի օրինակը: Երբ 2010 թվականին վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեցին, քաղաքական եւ գործարար վերնախավը լրագրողներին ֆինանսապես ճնշելու եւս մեկ գործիք ստացավ, քանի որ դատարանները սկզբնական շրջանում բարձր տուգանքներ էին սահմանում՝ որպես վիրավորանքի եւ զրպարտության փոխհատուցում, դրանով իսկ ստիպելով, որպեսզի դրանք փակվեն: Բարեբախտաբար, կարճ ժամանակում սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների վճիռներ կայացվեցին, որոնք էապես նպաստեցին դաշտի կարգավորմանը, բացատրեցին, թե ինչպես պետք է դատավորների կողմից մեկնաբանվեն վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցումների վերաբերյալ քաղաքացիական օրենսգրքի դրույթները:

Հարգելի՛ գործընկերներ, ի վերջո, ԶԼՄ-ների ազատության ապահովումը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների հանձնառությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայության հիմնաքարը: Եկեք միասին լինենք՝ վճռականորեն պաշտպանելու նրանց, ովքեր պատասխանատու են իշխանության հաշվետու լինելու համար եւ նպաստում են մեր ժողովրդավարական հասարակությունների ծաղկմանը:

Շնորհակալ եմ»:

--00—ԼՀ