Վահագն Խաչատուրյանը Փաշինյանին արդարացնելու համար Թուրքմենչայի պայմանագիր էլ կհասնի․ ՀԱԿ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Անհագ ցանկություն ունեմ հանդիպել Վահագն Խաչատուրյանին, ավելի հետ թող գնա՝ հասնի Թուրքմենչայի պայմանագիր Փաշինյանին արդարացնելու համար։ Աբսուրդ է, այսքան էլ չիմանա սեփական իշխանության պատմությունը և ասի՝ 1991-ին են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

«Բա 1996-ին Լիսաբոնում որ պետք է ՀՀ-ն ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ Լևոն Տեր –Պետրոսյանը վետո դրեց կամ 1994-ի Բուդապեշտի առաջարկը, 1997-ի առաջարկը, որտեղ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» հասկացությունը հանված է, եթե 1991-ից Արցախն Ադրբեջանի կազմում էինք ճանաչել, բա ինչի՞ մասին էին բանակցում։ Հանցագործություն է կատարվել պատմության նկատմամբ և հիմա մեղավոր են գտնում, ավելի լավ է անկեղծ լինեն և ասեն՝ ուզեցել ենք, տվել ենք, ինչի՞ են հղում անում այլ պայմանագրի վրա, որը կարգին չեն էլ կարդացել»,-ավելացրեց Խաչատրյանը։

Անդրադառնալով Արագած սարի, զինանշանի, օրհներգի մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Խաչատրյանն ասաց, որ Փաշինյանը պայքարում է անցյալի դեմ․ «Փաշինյանն իրեն Տիգրան Մեծի, Պապ թագավորի տեղը դրեց, մեզ տարավ պարտության, անցյալի դեմ պատերազմելով և մեր ապագան զրո կետից սկսելով՝ նոր փորձանքի է տանում։ Փաշինյանն ո՞ւմ դեմ է պայքարում. 1918 թվականի Հայաստանի Հանրապետության հայրերի, Երրորդ Հանրապետության հայրերի դեմ, եթե զինանշանի առյուծի տեղը մեխակ դրեցինք, բա՞ն է փոխվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 --00—ԱՊ