Բրյուսելի իմ գործընկերներին ներկայացրել եմ ՀՀ-ի և Արցախի անվտանգային մարտահրավերները․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

0227ef9e-e631-40d6-b0d2-c5ce385db425.jpg

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ենք ունեցել Բելգիայի Ֆրանսիական համայնք-Վալոնիա-Բրյուսել Համադաշնության խորհրդարանի նախագահ պարոն Ռուդի Դեմոտի գլխավորած պատվիրակության հետ։

Բրյուսելի իմ գործընկերներին ներկայացրել եմ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերները, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման դեպքերը։ Բարձրացրել եմ Արցախի՝ արդեն կես տարի շրջափակման հետևանքով պատանդի կարգավիճակում հայտնված 120 հազար արցախահայության ունեցած հումանիտար խնդիրները, նշել, որ Ադրբեջանը, ի թիվս այլ իրավունքների, ամեն օր խախտում է հայերի ԿՅԱՆՔԻ իրավունքը։

Ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից ակնհայտ կերպով վարվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն օր առաջ պետք է կանխել, և այս համատեքստում միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելն օրհասական է։

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, դրանց հետևանքով հայկական կողմից ունեցած զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների, շտապ օգնության մեքենաների թիրախավորման դեպքերը՝ խնդրել եմ հնարավորության դեպքում նպաստել ՀՀ սուվերեն տարածքից դուրս բուֆերային գոտի ստեղծելու ջանքերին՝ ելնելով անվտանգային նկատառումներից»։

--00--ԶՀ