Թուրք պատգամավորի կոշտ պատասխանն՝ Ալիևին. «Մի միջամտեք Թուրքիայի ընտրություններին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

0e5083e1-dfe1-407d-ad93-ef78a0cc7416.jpg

Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգի նախագահ Ալի Քեմալ Այազին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Ադիլ Ալիևն Այազի հետ հանդիպման ժամանակ ասել է․

«Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը ամենաբարձր մակարդակի վրա է։ Հարգարժան նախագահ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս եղբայրությունը հասցրել են ամենաբարձր մակարդակին։ Այս եղբայրությունն ավելի առաջ է գնալու։ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում կայունության էլեմենտ ունեցող ուժեղ պետություններ են։ Թուրք ազգի և պետության նախագահ Էրդողանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերված օգնությունը հնարավո՞ր է մոռանալ»։ 

Իսկ պատվիրակությունում ներառված պատգամավորներից մեկն էլ նշել է․ «Չստացվի, թե խառնվում ենք ձեր ներքին գործերին, բայց ադրբեջանցիները շատ են սիրում Էրդողանին»։

Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Ադիլ Ալիևի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ադրբեջանցիներով բնակեցված Մելեկլի շրջանի բնակիչների հետ։ 

Նախկին «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Ալի Օզգյունդյուզին այս հանգամանքը վրդովեցրել է։ Նա ընդգծել է․ «Ջան Ադրբեջանի միջամտությունը Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին և մեկ կողմին քաղաքական մրցակցության մեջ սատարելը չի   բխում Ադրբեջանի շահերից։

Անկախ նրանից, թե ով է ղեկավարում Թուրքիայի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակվեն։ Այս հարաբերությունները չեն սկսվել ԱԶԿ-ի կառավարությունից և չեն ավարտվելու ԱԶԿ-ի հեռանալով»։

Իր հերթին Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) անդամ, Բոլու քաղաքի քաղաքապետ Թանժու Օզջանը գրառում է կատարել Twitter-ում, որում պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չմիջամտել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Դիմում եմ Ադրբեջանի նախագահին. հարգելի նախագահ խնդրում եմ մի միջամտեք Թուրքիայի ընտրություններին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ հարցերում այլ կերպ է մտածում:  Ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ, որոնց, կարծում եմ դուք գիտեք, «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին  քաղաքական աշխատանք են կատարում»: 

--00—ԶՀ