Միջազգային ինը կազմակերպություն կոչ են արել կանխել հայերի ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայումս առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է. «Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ դնելով՝ Ադրբեջանի բռնապետությունը հստակ ցույց է տալիս ցեղասպանության ևս մեկ փուլ իրականացնելու իր մտադրությունը։ Միջազգային հանրությունը պետք է գործի հավաքական, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը»:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, նպաստել է հայերի դեմ կատարված վայրագությունների անպատժելիությանը, սպառնացել ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Երևանը։

Կազմակերպությունները «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։

Կազմակերպությունները դիմել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային» միացած երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին, նրանց կոչ արել կատարել իրենց պարտավորությունները՝ կանխելու հայերի նկատմամբ հասունացող ցեղասպանությունը։

Կազմակերպությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էլ կոչ են արել ապահովելու միջազգային բոլոր կազմակերպությունների մարդասիրական նպատակներով անխոչընդոտ մուտքը Արցախ:

--00--ԱՀ