Ապօրինի շինության շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

․

Գյումրու Տիգրան Մեծ–Լեւոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է։

Ինչպես տեղեկանում է Գյումրու համայնքապետարանից, քանդման աշխատանքներին տեղում հետեւել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։

«Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու եւ դադարեցնելու տվյալ աշխատանքները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը։

«Վերջերս քննարկման առարկա դարձած Լեւոն Մադոյան եւ Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի մայթի վրա կառուցվող ապօրինի շինությունն ապամոնտաժվել է:

Շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական մեր գործընկերը:

Տեղի ունեցածը չէր կարող եւ չի խրախուսվել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նմանօրինակ դրսեւորումներն անընդունելի են մեզ համար եւ դատապարտելի:

ՔՊ ավագանու մեր գործընկերոջ գործողությունները հետեւանք են շտապողականության եւ թյուրըմբռնման:

Օրենքի առաջ բոլորն են հավասար` անկախ կուսակցական պատկանելիությունից եւ քաղաքական հայացքներից»,– գրել է նա։

--00--ԱՀ