Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով Ամանորի միջոցառումների ծախսերն ուսումնասիրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով ուսումնասիրելու համար քաղաքում Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ծախսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու հերթական նիստի ժամանակ առաջադրված նախագիծն Ամանորի ծախսերի մասով ավագանին չընդունեց:

Ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ իրենց դեմ քվեարկությունը բացատրեցին նրանով, որ տարիներ շարունակ այդ նպատակով հատկացվող գումարն անփոփոխ է, իսկ միջոցառումների բովանդակությունը՝ նույնը:

Ըստ նախագծի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար   նախատեսվում էր հատկացնել 10  միլիոն 150 հազար դրամ գումար, որից 3 մլն դրամը՝ ամանորյա պարկերի ձեռքբերման, 9 հարյուր հազար դրամը՝ ամանորյա տոնավաճառի և տոնական օրերի ընթացիկ միջոցառումների կազմակերպման, 6 հարյուր հազար դրամը՝ կազմակերպչական և հյուրասիրության  ծախսերի, 850 հազար դրամը՝ լույսերի վառման միջոցառման համար ձայնային և լուսային  տեխնիկայի վարձակալության և գործարկման, 4  մլն 800 հազար դրամը՝ կենտրոնական հրապարակի  գլխավոր տոնածառի և  դեկորների տեղադրման ու  լուսավորման աշխատանքների  համար: 

«Աշխարհում ամեն ինչ փոխվում է, Գյումրիում Ամանորի համար նախատեսված պարկերը մնում են նույնը»,-նշեց ավագանու անդամ Արման Բաղդասարյանը՝ հավելելով, որ, օրինակ, լույսերի վառման   միջոցառման ձայնային և լուսային  տեխնիկայի վարձակալության գումարի փոխարեն երեխաների պարկերը կարելի է ավելի նորմալ տրամադրել:

Եղավ առաջարկ բոլոր ուժերի ներկայացուցիչների ներգրավմամբ սեղմ ժամկետում ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրելու Ամանորի համար նախատեսված ծախսերը: Գյումրու քաղաքապետը մտահոգություն հայտնեց, որ ժամանակը կարճ է, և այդ պարագայում դժվար կլինի ժամանակի մեջ տեղավորվել:

Մեկ այլ մասնագիտական հանձնաժողով կազմելու որոշում էլ կայացվեց դոտացիայի կրճատման հարցով: Համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ   2022 թվականին 40 մլն դրամով, 2023-ին՝ 208 մլն դրամով ՀՀ կառավարությունը կրճատել է համայնքին հատկացվող դոտացիան (Պետական դրամական հատկացում ձեռնարկություններին, հիմնարկություններին՝ վնասները ծածկելու կամ այլ նպատակների համար): Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ դոտացիայի նվազեցման  պատճառն իրենց համար անհասկանալի է։ Համայնքի ղեկավար  Վարդգես Սամսոնյանն ավագանուն տեղեկացրեց,  որ արդեն նամակ են գրել Կառավարությանը՝ պարզելու,  թե ինչով է Կառավարության այս քայլը պայմանավորված։ Լենա Ջիլավյանն ավագանու անդամներին առաջարկեց ուղերձ պատրաստել և ուղարկել ՀՀ կառավարություն։ «Դոտացիան համահարթեցման սկզբունքով են տրամադրում, իսկ մենք արդեն 2023 թվականի բյուջեի նախագիծն ավարտում ենք, և մեր դոտացիան կտրեցին։ Հիմա նորից պետք է բյուջե կազմվի, այդքան գումարի չափով նվազեցվեն ծախսերը, և սա այն դեպքում, երբ որոշում կայացրեցինք հունվարից աշխատավարձի բարձրացում անել։ Ես չգիտեմ՝ ոնց ենք տեղավորվելու։ Մեզ լուրջ քննարկում է պետք»,- նշեց Լենա  Ջիլավյանը:

Որոշվեց ավագանու նիստից հետո մասնագիտական խումբ ձևավորել, հարցն արդեն այդ հարթակում քննարկել:

--00--ԱՀ