Թբիլիսյան հանդիպումը Վրաստանը կարողանում է կապիտալիզացնել և ներքին սպառման համար օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

քաղաքական

Վրաստանը բազմիցս առաջարկել է իր տարածքը հայ-ադրբեջանական բանակցությունների համար, և կարելի է ասել, որ դա տեղի ունեցավ նաև վրացական կողմի ակտիվության շնորհիվ։ Այս մասին 24News-ին ասաց վրացագետ, քաղաքագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով հուլիսի 16-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպմանը։

Ջոնի Մելիքյանին խոսքերով՝ այս հանդիպումն առաջին հերթին տեղի ունեցավ Բաքվի և Երեւանի ցանկությամբ։ 

Անդրադառնալով երկկողմ հանդիպմանը՝ Վրաստանի ԱԳՆ Իլյա Դարչիաշվիլին թվիթերի իր էջում գրել էր. «Ես շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վայրը։ Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան»։

Քաղաքագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ որքան էլ Վրաստանը շահագրգռված էր այս հանդիպման կազմակերպմամբ, իսկ հանդիպման արդյունքներով կողմերի մոտեցումները դիամետրալ տարբերվում են։ «Մեր ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվումէ Մինսկի խմբի մասին, հումանիտար հարցերի մասին և ամենակարեւորը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտության մասին։ Իսկ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հակամարտությունը լուծված է»։

Ըստ քաղաքագետի՝ հասկանալի է, որ վրացական կողմը ոգևորված հայտարարություններ է անում, քանի որ երկրի ներքաղաքական պրոցեսների ֆոնին պետք են դրական որոշ արդյունքներ. «Եվ այս հանդիպումը վրացական իշխանությունը կարողանում է կապիտալիզացնել և ներքին սպառման համար օգտագործել, և ոչ միայն ներքին։ Բրյուսելում և Վաշինգտոնում իր արտաքին գործընկերներին վրացական իշխանությունները ցույց են տալիս, որ դերակատարում ունեն և տարածաշրջանի կայունության համար կարող են որոշակի ներդրում ունենալ»։

Մելիքյանի կարծիքով՝ հետաքրքիր են նաև հայկական և ադրբեջանական կողմեր հետ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկյան կողմը տեղյակ է այս հարցերից։

«Մենք տեսնում ենք, որ փետրվարի 24-ից Արևմուտքը դարձել է մրցակից ռուսական հարթակի հետ՝ ձեւավորելով բրյուսելյան հարթակը հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Եվ այսօր հայկական կողմն ամենադժվար վիճակում է, քանի որ Ադրբեջանի համար ավելի հեշտ է խաղալ և փորձել մաքսիմալը քաղել և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի հետ համագործակցությունից։ Բրյուսելի համար առավել ակտուալ է ադրբեջանական նավթը և այլն։ Ուստի Հայաստանն է, որ փորձում է համադրել արտաքին բոլոր գործոնները, փորձելով չհրաժարվել բրյուսելյան հարթակից՝ մասնակցել մոսկովյան հարթակին, որպեսզի Հայաստանի և Արցախի շահերին ի վնաս չգործի։ Մինչ ուկրաինական ճգնաժամի ավարտը բարդ է որևէ բան ակնկալել։ Կարեւոր է հմուտ դիվանագիտական քայլերով, տարբեր առաջարկներից չհրաժարվելով՝ ոսկե միջինը ընտրել և կարմիր գծերից դուրս չգալ։ Շեշտեմ, որ առայսօր որևէ լուրջ խնդիրներ չեն եղել», - եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ