Ադրբեջանը ռազմական ուժի շանտաժով ուզում է ստիպել արագացնել Զանգեզուրով միջանցքի պրոցեսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Սյունիքում կատարվածից պատերազմի հոտ չի գալիս։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, կապված է իր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պլանի հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Ադրբեջանը տարբեր տիպի գործողություններով հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում որոշակի լարումներ է մտցնելու՝ նպատակ ունենալով ճնշել հայկական կողմին։

«Սահմանում պրովոկացիոն գործողությունները տակտիկական են։ Հիմնականում ունեն ճնշման միտում։ Նրանք հայկական կողմին ռազմական ուժի շանտաժով ուզում են ստիպել, որ արագացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պրոցեսը։

Ադրբեջանցիները GPS-ից էլ են փորձում առաջ գնալ։ Այսինքն՝ փորձում են, ինչ-որ գծեր անցնել, տեսնել՝ որտեղ են հայկական կողմի կարմիր գծերը։ Եթե ստացվում է, դրանք հետագայում կարող են դրվել դեմարկացիաների ու դելիմիտացիաների ժամանակ։ Եթե ինչ-որ բանակցություններ են ընթանում, կարծում եմ, դրանք հենց այնպես չեն։ Ինչ-որ մի բան դրա դիմաց ստացվում է։

Ադրբեջանի ախորժակը մեծացել է։ Սա կարող է առաջին, բայց ոչ վերջին կոնֆլիկտը լինել սահմանում»,- ասել է Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։