Բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. երեք անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժամը 21.20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին 28 և 25 տարեկան երիտասարդների, երկուսն էլ՝ մայրաքաղաքի բնակիչներ: Կասկածանքը թմրանյութ պահելը, իրացնելն ու օգտագործելն էր: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով յոթ փաթեթ: Պլաստիկ չորս ձողիկ և նույնանման զանգված հայտնաբերվեց նաև 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ: Ըստ նրանց` մարիխուանան ձեռք էին բերել «Տելեգրամի» միջոցով, և պետք է տեղադրեին մայրաքաղաքի տարբեր վայրերում: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ բերման ենթարկվածներն արդեն հասցրել էին բազմաթիվ փաթեթներ տեղադրել տարբեր վայրերում: Ճշտվում են ավելի քան 110 գրամ ընդհանուր քաշով փաթեթների թաքստոցները:
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկած միջոցառումներով մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում իրավապահները հայտնաբերում են 46 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը երիտասարդներին էր հասցեագրել անհայտ մի օգտատեր: Իսկ Երևանի Հասրաթյան փողոցի մի բնակարանում, որտեղ փաստացի բնակվում էր 25-ամյա երիտասարդը, հայտնաբերվում և առգրավվում է մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով:
Ստացված տեղեկությունների հիման վրա շարունակելով միջոցառումները՝ Էրեբունու քրեական հետախույզները Գյուրջյան փողոցում դարանակալում են: Մարտի 19-ին, ժամը 11-ին, նրանց տեսադաշտում է հայտնվում կասկածելի անձ: Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է մարիխուանայի նմանվող զանգված: Նրա բջջային հեռախոսները զննվում են։ «Տելեգրամ» հավելվածում առկա էին թմրանյութ իրացնելու վերաբերյալ տեղեկություններ:
Էրեբունու քրեական հոտախույզները, համագործակցելով տարածքային քննչական մարմնի և դատախազության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը Երևանում վարձակալում է բնակարաններ, որտեղ աճեցնում է կանեփ՝ թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվում է նաև կանեփ մշակողը։
Դատարանի որոշմամբ երեքն էլ կալանավորվել են, իսկ կանեփ մշակողը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական հետախույզների միջոցառումները շարունակվում են:

--00—ՀԶ