Արսեն Բաբայանը դիմել է ԱԺ նախագահին և ԱԱԾ ՊՊԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News 

Արսեն Բաբայան
  

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մամուլի առանձին միջոցներով այսօր հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ և նրան համոզել, որպեսզի վերջինս վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում ներկայացնի:

Նշված տեղեկության իսկությունը ստուգելու և անհրաժեշտ վերլուծություններ իրականացնելու նպատակով գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ-ին:

Ստորև ներկայացնում եմ հարցման բովանդակությունը․

1. Արդյոք ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում այցելել է ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել է, ապա հայտնեք՝ ում հրավերով, ինչ նպատակով և քանի անգամ, ում հետ է ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը:

2. Ինչ նպատակով և ում նախաձեռնությամբ է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում հանդիպել (նշել հանդիպման օրերը և ժամերը) ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

3. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք այցելել են ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել են, ապա հայտնեք, թե ՀՀ ՍԴ` որ դատավորները, ինչ նպատակով և քանի անգամ, ում հետ են ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը:

4. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին (առանձին-առանձին նշել դատավորների անուն ազգանունները և հանդիպման օրերն ու ժամերը), ում նախաձեռնությամբ և ինչ նպատակով:

Ակնկալում եմ, որ գրավոր հարցման պատասխանը կստանամ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետում»: