Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

արմ

Գյումրին ճանաչվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք, որտեղ կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նման որոշում կայացավել է Մինսկում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստում:

Բացի այդ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում մեծ տեղ է տրվում սպորտին: Կամաց-կամաց շատ ավելի սերտ են դառնում հարաբերությունները, միջոցառումներն էլ՝ շատ ավելի հեղինակավոր: Կարևոր էր նաև սպորտային մայրաքաղաք ճանաչելու հարցը: 2024 թվականին սպորտային մայրաքաղաք կլինի Գյումրին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վերջինիս խոսքով` սպորտային մայրաքաղաք լինելուց զատ, Գյումրիում կանցկացվեն նաև համաժողովներ:

«Սպորտային մայրաքաղաքի ընտրության մի քանի տարբերակ կար, բայց ներկայացրեցինք Գյումրին, ներկայացրել ենք, թե ինչ հաջողությունների են հասել գյումրեցի մարզիկները։ Քանի որ այժմ Գյումրիում կառավարության աջակցությամբ կառուցվում է մեծ սպորտային համալիր` Արթուր Ալեքսանյանի անվան համալիրը, ցանկացանք, որ նրանք էլ իրենց աչքերով տեսնեն, որ սպորտը Հայաստանի կառավարության կողմից լուրջ ուշադրության է արժանանում»,-ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ղեկավարումը կընդունի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

--00—ԼՀ