Ղրղզստանի վարչապետը հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

fg

Ղրղզստանի վարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ակըլբեկ Ժապարովը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում է այդ երկրի կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ամրապնդման հետ կապված արդիական հարցեր։ Հանդիպման շրջանակներում Ղրղզստանի Թվային զարգացման նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքվել է հուշագիր փոխգործակցության մասին», - ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է ղրղզական կառավարության տարածած հայտարարությունում, փաստաթղթի ստորագրման նպատակն է համատեղ այնպիսի ծրագրերի շուրջ փոխգործակցության զարգացումը, որոնք կարևոր նշանակություն ունեն եվրասիական տարածաշրջանի երկրների և տնտեսությունների համար։

«Կողմերը պայմանավորվել են զարգացնել և ամրապնդել համագործակցությունը այնպիսի ոլորտներում և հարցերում, ինչպիսիք են աջակցությունը Ղրղզստանի Հանրապետությունում էլեկտրոնային ձևով պետական ​​կառավարման և հանրային ծառայությունների թվային լուծումների մշակմանը, թվային առևտրի, թվային համագործակցության և թեթև արդյունաբերության թվային վերափոխման ոլորտին, թվային ենթակառուցվածքների զարգացման, «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի մոնիտորինգի, առողջապահության, միգրացիայի և զբոսաշրջության թվային վերափոխման, «խելացի քաղաքների» զարգացման ոլորտներում», - ասված է հաղորդագրությունում։

--00—ԱՊ