Հարցեր են առաջանում նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությանը՝ ընդգծելով, որ դա ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ եւ զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական եւ առանցքային խնդիրներից է:

«Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում նաեւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Բայց այս պահին կարեւոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար:

Սա բացարձակ անհրաժեշտություն է եւ լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համար:

Ի դեպ՝ այստեղ ուզում եմ զեղում անել տեքստից և ասել, որ տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Եվ ի դեպ՝ ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Եվ ասվածին կարող ենք այս նրբությունը նույնպես ավելացնել»,-ասել է նա:

--00—ԼՄ