Գերությունից վերադարձած զինծառայողի կալանավորումը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած ու կալանավորված զինծառայող Արտյոմ Մանասյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, իսկ քննչական կոմիտեի քննիչը նրա կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին 24News-ին ասաց Մանասյանի փաստաբան Ալեքսան Թումասյանը։

Արտյոմ Մանասյանը նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման ժամանակ դիրքերից մեկի դիտորդն է եղել։

Ալեքսան Թումասյանն ասաց, որ իր պաշտպանյալի կալանավորման գործերով նիստերի օրերը դեռ հայտնի չեն։ Ինչ վերաբերում է զինծառայողի առողջական վիճակին, ապա փաստաբանն ասաց, որ նա առողջական խնդիրներ ունեցել է՝ երկկողմանի թոքաբորբ, սակայն այժմ վիճակը նորմալ է։  

Ըստ նրա՝ բարոյական չէ իր պաշտպանյալի դեմ տեղի ունեցող գործընթացը․ «Անձին պետք է օգնություն ցուցաբերեն, ոչ թե այդպիսի վերաբերմունք ցույց տան։ Կարծում եմ՝ կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է ընտրվեր, քննությունը թող գնար, եթե մեղավոր են, թող պատասխան տան, այլ ոչ թե այս եղանակով այս վերաբերմունքին արժանանային»։

Պաշտպանն ասաց, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ այցելությունները, կալանավայր, տեսակցությունները արգելված են, սակայն հարազատների հետ հեռախոսազանգերը սահմանափակված չեն։ Արտյոմ Մանասյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

--00--ԿԿ