Դատարանը կալանավորել է գերությունից վերադարձած նախկին լեյտենանտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիներից մեկը՝ կոչումով լեյտենանտ, կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Այս մասին 24News-ին ասաց նրա փաստաբան Լևոն Վարդապետյանը:

Երեկ կալանավորված լեյտենանտը նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքով էր գերեվարվել։ «Դատարանի որոշումը մինչև այս պահը դեռ չենք ստացել, դատավորը Արուսյակ Ալեքսանյանն է եղել։ Ի դեպ, ինքը նախկին ՀՔԾ քննիչ է, նորանշանակ դատավոր», - ասաց լեյտենանտի փաստաբանը՝ հավելելով, որ որոշումը ստանալուն պես բողոքարկելու է։

«Գործի մանրամասներից ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննական գաղտնիք է։ Միայն կարող եմ ասել, որ մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ անօրինական է», - եզրափակեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորելու համար։

--00--ԿԿ