Դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած մայորը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը բավարարել է դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երինյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին 24News-ին ասաց Երինյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը։

«Ահավոր, շատ վատ է, աննպատակային տարան կալանքի, դատախազության միջնորդությունը բավարարեցին», - նշեց Պողոսյանը։

Հետագա գործողությունների մասով փաստաբանն ասաց, որ նախ գրավի դիմաց ազատ արձակման միջնորդություն կներկայացնի ընդհանուր իրավասության դատարան։ «Հենց վաղը կամ տոներից հետո միջնորդություն կներկայացնեմ։ Թե ինչո՞վ այլ խափանման միջոցը չի ապահովվում, ես այդպես էլ չհասկացա։ Եվ պիտի աշխատենք, որ այս ֆարս հոդվածներն այդ մարդկանց վրայից ազատենք»։

«Պետությունը բացարձակ չի իրականացնում արդարադատություն։ Ոչ մի հիմք չկար Նարեկին կալանավորելու, բացարձակ։ Վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած բոլոր մտավախությունները մտացածին են։  Ու իրենք մտածված գործն ուղարկում են մի դատավորի մոտ, որն արդեն շատ կարճ ժամանակում վաստակել է բոլոր կալանքները բավարարող դատավորի համբավ», - եզրափակեց փաստաբանը։ 

Նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման ժամանակ զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երինյանը դիրքի ավագն է եղել։

Դեկտեմբերի 11-ին քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Ն.Ե.-ն, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված թիվ N մարտական դիրքի ավագ, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: 2021 թվականի դեկտեմբերի 6-ին մայոր Երինյանը ձերբակալվել էր, վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դեկտեմբերի 6-ին Նարեկ Երինյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը սակայն մերժվել էր։

--00--ԿԿ