Դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած զինծառայողներից մեկը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 4-ին Հայաստան էր տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով։ Երեկ հայտնի դարձավ, որ վերադարձած 10 գերիներից 5-ը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել, և քննչական կոմիտեն նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Վերադարձած գերիները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Վերադարձածներից մեկի՝ Նարեկի փաստաբան Կարմեն Պողոսյանը 24News-ին ասաց, որ դատարանը մերժել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը, և իր վստահորդը երեկվանից ազատության մեջ է։ Փաստաբանը «շատ վատ» գնահատեց զինծառայողի դեմ իրականացվող գործողությունները։ «Սկզբում ունենում է վկայի կարգավիճակ, հետո հայտնվում է ձերբակալվածի, կասկածյալի կարգավիճակում, հետո տուն չի գնում, հարազատներին չի տեսակցում ու տանում են կալանավորման։ Ե՛վ հոգեբանորեն, և՛ բարոյական առումով շատ ծանր ու վատ վիճակ է ստեղծվել», - նշեց նա։

Հարցին, թե ինչ կապ կա մեղադրյալի կարգավիճակ ստացած հինգ զինծառայողի միջև, պաշտպանն ասաց, որ նրանց մի մասը նույն, մի մասը տարբեր դիրքերից են գերեվարվել։ «Չի բացառվում, որ 10-ից 6-ը նույն դիրքից լինեն, ուղղակի մենք չեն տարանջատել, քանի որ 1 քրեական գործի շրջանակներում է»,-ասաց պաշտպանը։

Կարմեն Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը միայն վկայի կարգավիճակով է ցուցմունք տվել, բախումների օրը չի լքել իր դիրքն ու գերեվարվել է հենց հայկական կողմի դիրքից։ «Մենք չենք հասկանում՝ որ արարքն են քննարկում, որ տանում են կալանավորման։ Էլի գործ հարուցեք, էլի քննեք գործի հանգամանքները, բա՞ կալանավորումը, 21-22 օր օր գերության մեջ գտնված, ծեծված, խոշտանգված մարդուն վերադառնալուց հետո կալանավորելն ինչքանո՞վ է ճիշտ», - նշեց նա։

Փաստաբանի խոսքերով՝ պաշտպանության նախարարությունը պատշաճ չի ապահովել դիրքի պաշտպանությունը։ «Եթե ապահոված լիներ, 30-40 մետրի վրա թուրքը չէր մտնի դիրք։ Դե արդեն քննությունը ցույց կտա, յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը կպարզի», - եզրափակեց պաշտպանը։

--00--ԿԿ