ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքներում կառաջադրի սեփական թեկնածուներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

ՀՀԿ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀԿ գործադիր մարմնից: Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։

Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետևողական մսխման, արտաքին և անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրեւորումները։ Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի զարգացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հանրապետականը հետևողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները և հնարավորությունները ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում։ Քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։

Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։

Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։ Ընդգծվել  է հասարակության լայն շերտերի հետ մշտական շփումների եւ հետադարձ կապի կարեւորությունը, այդ թվում՝ կուսակցական պատգամավորների ներգրավմամբ։

Որոշում է կայացվել վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Քաղաքական դպրոցի դասընթացները։

--00--ԱԹ