Պատգամավորները չեն «կոտորվում» աշխատելով, որ լրագրողներն էլ նրանց աշխատանքը խաթարեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Հասարակական

«Ի՞նչ կարևոր «պերսոնաներ» են շրջելու Ազգային ժողովում, որ նրանց անվտանգությունը պետք է լրագրողներից պահպանեն և լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում են ցանկանում կայացնել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտնած այն տեղեկությանը, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել:

«Ինչպես հասկացա, ԱԺ աշխատակազմում ինչ-որ փոփոխություններ են եղել  և «դրակոնյան» օրենքներով փորձում են ցույց տալ, որ աշխատանքներ են անում, որն ես համարում եմ աշխատանքի իմիտացիա: Հասկանում եմ, որ յուրաքանչյուր խորհրդարանի նոր աշխատակազմ փորձում է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել» և ինչ- որ թիթիզ նորամուծություններ ներմուծել, և եթե հարցնեք՝ ինչո՞ւ եք այդպես որոշել, իրենք կբերեն մի քանի արևմտյան երկրների օրինակներ, բայց օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որը իր կշռով ավելին է, քան Հայաստանի խորհրդարանը, լրագրողները միջանցքներում պատգամավորների հետ ազատ շփվում են, մոտենում և հարցազրույցներ կազմակերպում և լրագրողների աշխատանքին որևէ խոչընդոտ չկա»,- նշեց նա:

Զոհրաբյանի կարծիքով՝ նման որոշումը չի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը, դա չգործող կարգադրություն է լինելու և որոշ ժամանակ անց լրագրողները շարունակելու են շփվել պատգամավորների և Աժ ղեկավար կազմի հետ: 

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի այն պնդմանը, որ որոշ լրագրողներ Ազգային ժողովում խանգարում են պատգամավորների աշխատանքը և խաթարում շենքում աշխատանքային մթնոլորտը, Զոհրաբյանը նշեց. «Լինելով 14 տարվա պատգամավոր, չեմ նկատել, որ պատգամավորները «կոտորվում» են իրենց աշխատասենյակում աշխատելով, որ լրագրողներն էլ պատգամավորների աշխատանքը կարող են խաթարել»:

Զոհրաբյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ այս որոշմամբ պատգամավորները փորձում են ապահովագրել իրենց, լրագրողների անցանկալի հարցերից, Զոհրաբյանն ընդգծեց.

«Հավանաբար նախաձեռնությունը երկնել են այն պատգամավորներն, ովքեր պատահաբար են հայտնվել Խորհրդարանում,  իսկ բազմաթիվ պատգամավորներ կան, ոչ միայն «Իմ քայլ»-ում, այլև ընդդիմության դաշտում, որ ոչ կոմֆորտ հարցերից խուսափելու համար, այս որոշումը լավագույն տարբերակն են համարել: Դա անհեթեթություն է, և եթե մարդը վերցնում է պատգամավորի մանդատը, ապա պետք է պատրաստ լինի պատասխանել լրագրողի ցանկացած հարցին: Ես երկար տարիների պատգամավոր եմ եղել և պետք է ասեմ, որ տեսել եմ այնպիսի աբսուրդ պատգամավորներ, ովքեր խորհրդարանը անվանում էին «Ռայսովետ» և չգիտեին, թե  պատգամավորի գործունեությունը որն է, ասում էին՝ եկեք արագ քվեարկենք, որ գնանք մեր գործերով, չիմանալով, որ իրենց գործը Խորհրդարանն է, այնպես որ ինձ որևէ բանով հնարավոր չէ զարմացնել»:

--00--ԿԿ