«Հույս ունեմ, որ խաղաղություն կլինի». պատրիարք Կիրիլը խոսել է ԼՂ հակամարտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ, դուրս բերելով կրոնական գործոնը ղարաբաղյան հակամարտությունից, էապես իջեցրեցրել են այս հակամարտության հնարավոր աստիճանը, փոխանցում է Artsakh Press-ը:

«Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, և ես հիմնվում եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի և Ադրբեջանի եկեղեցական և հոգևոր իշխանությունների դիրքորոշումների վրա:

Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն մուֆթիի՝ Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ Փաշազադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել և պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքին կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, և այս զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, լարվածություն: Չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, և այդ փաստարկներն ազնվորեն էին արտահայտվում, դրանք չեն ուղեկցվել ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են, և երբ երկխոսությունը գրեթե բանավոր պատերազմի է վերածվում: Նման բան երբեք չի եղել, և դա տեղի էր ունենում այն պատճառով, որ հենց հոգևոր առաջնորդներն են լիովին պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգևոր վիճակի համար:

Իսկ ի՞նչ է հոգևոր վիճակը: Ո՞ր ուժը կգերակշռի՝ խաղաղությա՞ն, սիրո՞, հանգստության կամ չարիքի՞ ուժը, թե՞ չարության ուժը, դրանից էլ կախված կլինի մարդկանց պահվածքը:

Ուստի հոգևոր առաջնորդների դերը կարևոր է. մենք այն չենք չափազանցում, բայց և չենք էլ թերագնահատում: Ի վերջո, այս բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել շատ հստակ արդյունքներ՝ գերիների փոխանակում, կրոնական խորհրդանշանների, կրոնական արտահայտությունների, կրոնական մոտիվացման չկիրառում պատերազմող կողմերին ոգեշնչելու համար: Հանելով կրոնական գործոնն այս առճակատումից՝ մենք, իհարկե, էապես իջեցրինք այս հակամարտության հնարավոր աստիճանը դրանից բխող հետևանքներով: Ուստի, առանց չափազանցելու հոգևոր առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն:

Ռուսական եկեղեցին պատրաստ է նաև մասնակցելու այս գործընթացին շատ բարդ խնդրի լուծման գործում իր խաղաղապահ ներդրումն ունենալու համար, որը, ցավոք, այս պահին կարող էր կասեցվել միայն ռուս խաղաղապահների առկայությամբ:

Աստված տա, որ կրոնների խաղաղարար ներուժը փոխարինի պատերազմող կողմերը բաժանած զենքով մարդկանց ներկայությանը»:

--00—ԼՄ