ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, ԵՊՀ հոգեբանության մասնագիտական խորհրդի քարտուղար Դավիթ Հայրապետյանն ասել է, որ նմանօրինակ խորհուրդ Հայաստանում երկար ժամանակ չկար, բայց կար դրա պահանջարկը. «Շատ ասպիրանտներ շուտով պետք է պաշտպանեն իրենց թեկնածուական աշխատանքները, իսկ դրանք կազմակերպելու համար Երևանի պետական համալսարանը դիմել է ԲՈԿ և ստացել թույլտվություն։ Հոգեբանության մասնագիտական խորհուրդը կարելի է ասել միջբուհական է»:
Դոցենտը պարզաբանել է՝ նշելով, որ ձևավորված խորհրդը կազմված է 8 անդամից, որոնք ՀՀ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ են, իսկ խորհրդի նախագահն է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Սվետլանա Հարությունյանը:
ԵՊՀ հոգեբանության մասնագիտական խորհրդի քարտուղարի հավաստմամբ, թեկնածուական հայտերի ընդունումն արդեն սկսված է և կրելու է շարունակական բնույթ, իսկ պաշտպանություններն իրականացվելու են խորհրդի ստեղծման օրից առնվազն երկու ամիս անց:
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք արտակարգ դրության պայմաններում կազմակերպել առցանց պաշտպանություն, Դ. Հայրապետյանը պատասխանել է․ «Չեմ կարծում, քանի որ պաշտպանությունը ենթադրում է խորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկություն, իսկ ՀՀ-ում չկան նմանօրինակ քվեարկություն անցկացնելու համար նախատեսված առցանց գործիքներ: Հուսանք, որ մինչև սեպտեմբեր, այսինքն` մինչև պաշտպանությունների սկիզբը, իրավիճակը կփոխվի դեպի լավը, ամեն ինչ կանցկացվի բնականոն հունով»:
Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը եւ նշում, որ Հոգեբանության մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը սահմանվել է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը: